16/11/2020 21:05
Շատ տարօրինակ է, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարական չի ներկայացրել. Քոչարյան
Շատ տարօրինակ է, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարական չի ներկայացրել, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Պարզ հարց եմ տալու՝ էդ ՍՈւ-30-ներն ինչո՞ւ չթռան։ Ես Տոնոյանին պետք է հարցնեմ՝ պարոն Տոնոյան, Դուք նկարահանվում էիք, նստում էիք։ Պետք է հարցնեմ՝ պարոն Տոնոյան, երբ դուք 2016 թվականին ապրիլի 12-ին «Ազատության» հարցին, որ հակառակորդն օգտագործել է անօդաչու, Դուք ասում եք՝ անօդաչուն թանկ է, մենք գրանատամյոտով կխփենք։ Դա նշանակում է, որ նախարարի այն ժամանակվա առաջին տեղակալը չի տիրապետում այն վտանգներին, որ կարող էին օդից իրականացվել», - ասաց Քոչարյանը:
Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը շաբաթ օրը խնդրել է իրեն կապ հաստատել Դավիթ Տոնոյանի հետ, հրավիրել լսումների և տեղի է ունեցել միջադեպ:
«Լենա Նազարյանը շաբաթ օրը խնդրեց, որ չի կարողանում կապ հաստատել Դավիթ Տոնոյանի հետ ու հրավիրել լսումների։ Ես ասացի, որ կիրակի օրը կփորձեմ գտնել Տոնոյանին: Դրանից հետո ես զանգում եմ տեղակալ Բալայանին, հայտնում, որ Լենա Նազարյանը չի գտնում Տոնոյանին: Բալայանը գտավ Տոնոյանին, ու նա զանգեց ինձ: Ասաց «Պարոն Քոչարյան, Դուք իմ տեղակալին ասել եք, որ փնտրում եք, և ես թաքնված եմ»: Ես ասացի՝ նախ ձայնդ մի բարձրացրու ու մի մոռացի, թե ում հետ ես խոսում: Երկրորդը՝ Ձեզ ԱԺ նախագահի պաշտոնակատարն է փնտրում ու չի գտնում, բարի եղեք կապ հաստատել:
Հետո կապը հաստատում են, տիկին Նազարյանին ասել է, որ չի կարող գալ: Բայց այսօր անհասկանալի համազգեստով եկավ: Ես դրա անունը դրել եմ ձկնորսի համազգեստ», - մանրամասն ներկայացրեց իմքայլական պատգամավորը:
Նա ընդգծեց, որ Դավիթ Տոնոյանի՝ Պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակելու առնչությամբ տարբեր առիթներով իր դժգոհությունն է արտահայտել։
Հարցին՝ արդյոք ինքը հավակնում է Պաշտպանության նախարարի պաշտոնին, Քոչարյանը պատասխանեց՝ երբ ինքը Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ էր, Դավիթ Տոնոյանն այն ժամանակ հատուկ անվտանգության համակարգում «ախրանիկ» էր աշխատում:
«Եթե այն ժամանակ չեմ հավակնել…», ասաց նա։