16/11/2020 10:38
Կառավարության անդամները, հրաժարական ներկայացնելով, կարող են կանխել վերահաս քաղաքացիական պատերազմը. Արցախի նախկին վարչապետ
Կառավարության անդամները, հրաժարական ներկայացնելով, կարող են կանխել վերահաս քաղաքացիական պատերազմը, որը կործանարար կլինի մեր երկրի, պետականության, ժողովրդի համար, ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:
«Անկախ նրանից, ՀՀ կառավարության անդամները տեղյակ են եղել վարչապետի կողմից կապիտուլյացիայի մասին հայտարարությունը ստորագրելու մտադրության մասին, թե հետո են իմացել, ինչպես Նախագահը, կառավարությունը պատասխանատու է այն ամենի համար, ինչ կատարվեց այս 2,5 տարում։ Կառավարության անդամների անձնական պատասխանատվության մասին դեռ խոսվելու է, ու ոչ միայն։
Կոչ եմ անում կառավարության անդամներին անհապաղ հայտարարել ձեր հրաժականների մասին, չկիսելով վարչապետի արկածախնդիր հայտարարությունները, կանխելով երկրում ազգակործան քաղաքացիական պատերազմը», - գրել է Դանիելյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս գիշեր ֆեյսբուքի իր էջում աղմկահարույց գրառում էր կատարել, որը քննադատությունների մեծ ալիք էր բարձրացրել: