16/11/2020 11:49
Որոշեցինք ընդունել մարտահրավերը, որը նետված էր ՀՀ-ին, ցավոք, դա չբերեց սպասելի արդյունքների. Փաշինյան
Շատ են ասում, որ Շուշին ուղղակի հանձնվել է, եթե Շուշին հանձնվել է, զոհվածները, որոնց մարմինները հայտնաբերվել են Շուշիում, ո՞ւմ հրամանով են կռվել կամ ինչի՞ համար են կռվել, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իրականում տեղի է ունեցել այն, ինչ պաշտոնապես հայտարարվել է: Կարևոր է հասկանալ՝ կարո՞ղ էինք խուսափել պատերազմից՝ կարող էինք, եթե Ադրբեջանին հանձնեինք 7 շրջանը՝ ներառյալ Շուշին, բայց արդյո՞ք դա էր այն քաղաքականությունը, որը մենք ուզում էինք՝ ոչ, դա չէ: Մենք որոշեցինք ընդունել մարտահրավերը, որը նետված էր ՀՀ-ին», - ասաց Փաշինյանը՝ արձանագրելով, որ, ցավոք, դա չբերեց սպասելի արդյունքների:
ՀՀ վարչապետը նկատեց, որ նրանք, ովքեր առաջին օրից կոչ էին անում հանձնել պատերազմը կանգնեցնելու գնով, այդ նույն բանի համար կառավարությանը մեղադրում են դավաճանության մեջ:
«Շուտ և ուշի տարբերությունը, ըստ էության, բովանդակային չկա: Այո, Շուշիի հանձնման պայմանը առաջադրվել է, եթե ոչ ի սկզբանե, համենայն դեպս, սկզբնական շրջանում: Գնացել ենք այս ճանապարհով, քանի դեռ կար հնարավորություն՝ պաշտպանելու այդ ամենը, ՊԲ-ն, ԶՈւ ԳՇ-ն որոշել են կռիվ տալ մինչև վերջ և կռիվ են տվել մինչև վերջին վայրկյանը», - ասաց նա: