16/11/2020 19:16
Փաշինյանի հեռացումից հետո պետք է ձևավորվի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն. Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ճանապարհային քարտեզը
Ազգային ժողովն անհապաղ պետք է հրավիրի արտահերթ նիստ՝ երկու օրակարգով. ռազմական դրության վերացում և Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկություն, Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց Հայ Յեղափոխական Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Հաճախ հարցնում են՝ ի՞նչ է լինելու Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո։ Նրա հեռացումից հետո ԱԺ-ն պետք է ընտրի վարչապետ, ժողովրդի կողմից վստահելի, պրոֆեսիոնալ մարդկանցով ձևավորի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը լուծելու է 3 խնդիր», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Առաջին խնդիրը, Սաղաթելյանի խոսքով, հետևյալն է. հնարավորինս նվազագույնի հասցնել մեր կորուստները։
«Երկրորդ՝ արտահերթ քայլեր ձեռնարկել պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար, անվտանգային, սոցիալ-տնտեսական, առողջապահական, տնտեսական բոլոր հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ։ Երրորդ՝ սեղմ ժամկետներում կազմակերպել ազատ, արդար, հավասար պայմաններով խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում մեր ժողովուրդը կորոշի իր իշխանությունը և կձևավորի նոր իշխանություն», - ասաց Իշխան Սաղաթելյանը։