16/11/2020 10:57
Մենք պետք է բացառենք ատելության խոսքը. Վարչապետը ներկայացրեց, թե ինչ է նկատի ունեցել աղմկահարույց գրառման մեջ
Երեկվա իմ գրառման հետ կապված մի շարք արձագանքներ ի ցույց դրեցին, թե ինչպես է հատկապես լարվածության այս շրջանում մանիպուլատիվ մեխանիզմներ գործում, առցանց ասուլիսի ընթացքում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
նա ասաց, թե նոյեմբերի 9-ից հետո առաջնագծից տարբեր տեսանյութեր են հրապարակվում, որտեղ տղաները գնահատականներ ու վերլուծություններ են հնչեցնում։
«Ես գրառման մեջ նշել եմ, թե ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերքը ճիշտ են. այսինքն, նշանակում է, որ իրենց շատ մեկնաբանությունների հետ ես համաձայն եմ։«Սպասում եմ ձեզ Երևանում» նախադասությունը, որ շատերին հիմք է տվել ասելու, թե այստեղ քաղաքացիական պատերազմի և բախումների կոչ կա։ Հայտնի իրադարձություններից հետո հենց համացանցում էլ երևում է, որ այդ զինվորներից շատերը զորացրվում են և վերադառնում իրենց ընտանիքներ։ Նրանցից շատերն ինձ ուղերձ են հղում, որ ուզում են հանդիպել։ Ես հարկ եմ համարել այսպես հրապարակային արձագանքել, որ ես իրենց հետ հանդիպումը կկազմակերպեմ և հարցեր կքննարկենք», - ասաց վարչապետը։
Նա մեկնաբանեց նաև հետևյալ նախադասությունը՝ «Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։
«Իհարկե, այստեղ բավական կոշտ ձևակերպում է, բայց հաշվի առնելով, որ նաև երեկ իմացանք, որ այս արտահայտությունը նաև պաշտոնական մարմիններ են օգտագործում իրենց հայտարարություններում, այո, ես օգտագործել եմ այդ ձևակերպումը։ Սա նշանակում է, որ առաջնագծի զինվորների հետ վերադարձից հետո և նրանց հետ խոսակցության ընթացում վերջնականորեն կմարեն բոլոր այն խոսակցությունները, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչ-որ դավադրությունների մեջ է ներքաշված եղել», - մանրամասնեց Փաշինյանը:
Վարչապետը հարց հնչեցրեց՝ ո՞վ, եթե ոչ առաջնագծում գտնված զինվորը գիտի այդ հարցի պատասխանը.
«Խոսվում է բախման մասին, առաջնագծից ոչ մեկը զինված չի վերադառնում։ Հիմա իրավիճակն այնպիսին է, որ խոսքը կարող են մեկնաբանել տասնյակ ձևերով։ Իհարկե, մտահոգիչ է, որ առաջնագծից հնչող տեսանյութերում շատ կոշտ բառապաշար է օգտագործվում»։
Վարչապետը քաղաքական ուժերին մեղադրեց նոյեմբերի 9-ի՝ լույս 10-ի գիշերը տեղի ունեցած բռնությունները չդատապարտելու համար։
«Դատապարտման խոսքեր հնչեցին առաջնագծում գտնվող զինվորների կողմից։ Մենք պետք է բացառենք ատելության խոսքը», - ասաց վարչապետը։