16/11/2020 13:37
50 օրը լրացավ, ո՞վ է իմ երեխու համար պատասխան տալու. անհետ կորած զինվորների ծնողները ՊՆ-ի մոտ են
Պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողերի ծնողները ակցիա են անում ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց: Նրանք պահանջում են Օնիկ Գասպարյանի ու Դավիթ Տոնոյանի հետ հանդիպում:
Մայրերից մեկը, հրելով իրենց հետ հանդիպման եկած զինվորականին, ասաց. «Խի՞ ես դու եկել, 40 օր ա՝ իմ երեխան չկա: Գնա նախարարին կանչի»:
«50 օրը լրացավ, ո՞վ է իմ երեխու համար պատասխան տալու: 50 օր է՝ իմ երեխան չկա: Էսքան խաբել կլինի՞ ժողովրդին: Երկու ամիս ա՝ գնում գալիս եմ, զինվոր եմ տվել, 4 օր չներկայացավ, Ռազմականով եկան, գյուղից տարան: Բայց հիմա տեղեկություն չեմ կարողանում ստանալ իմ երեխուց», - բղավում էր անհետ կորածի մայր տիկին Նաիրան:
Նրան խնդրեցին ցածր խոսել, ինչն ավելի բորբոքեց ծնողներին:
«Այ էդ մի նկատողությունը էլ չանեք, պարոն գնդապետ: Մյուս անգամ ոչ մի ծնողի այդ նկատողությունը չանեք՝ կամաց խոսեք, վրդովված մի խոսեք… Այստեղ բոլորը որդեկորույս ծնողներ են, իրավունք ունեն բարձր խոսելու», - ասաց ցուցարարներից մեկը: