17/11/2020 11:36
Տվյալներ կան, որ վերջին երկու օրվա ընթացքում դիվերսիոն խմբեր են ներթափանցում Քարվաճառ. Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)
Հայտարարությունը ստորագրելուց հետո մարդիկ գնում, գերի են ընկնում, խորհրդարանում այսօր հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհետացած 10 քաղաքացուն, որոնց կյանքի իրավունքի հարցով ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ։
«Հիմա վարչապետից բարձր կանգնած մարմինն էսօր խորհրդարանն է։ Կարող է խորհրդարանը հավաքվել, քննարկել այդ հայտարարությունը, ասել, թե քանի որ հայտարարությունը ստորագրվել է, և արդեն հայտարարության կետեր են խախտվել, մենք էլ, օրինակ, դիտարկում ենք Լաչինի միջանցքը չազատելու հարցը։ Կարո՞ղ է սա քննարկել խորհրդարանը, ես կարծում եմ՝ կարող ենք։ Բա ինչո՞ւ չենք քննարկում։ Նիստ ենք գումարում, չեք գալիս, հարգելի գործընկերներ, ասում եք, թե մեր նախագիծը վատն է», - հայտարարեց Էդմոն Մարուքյանը։
Նա առաջարկեց՝ «Իմ քայլը» դաշինքը արտահերթ նիստ գումարի՝ հայտարարության կետերը պահպանելու, ինչպես նաև հայտարարության իրավաչափությունը քննարկելու հարցով։
«Հայտարարության ստորագրումից անցել է յոթ օր, յոթ օրվա մեջ հազար խախտում կա։ Խորհրդարանը, որ ավելի բարձր իրավաբանական ուժ ունի, քան այդ ստորագրված փաստաթուղթը, կարող է հայտարարություն ընդունել և դրանից բխող գործընթացներ սկսել։ Կարծում եմ՝ կարող է։ Մենք չենք չէ՞ խախտել առաջինը։ Գերի են վերցրել մարդկանց։ Տվյալներ կան, որ վերջին երկու օրերի ընթացքում դիվերսիոն խմբեր են ներթափանցում Քարվաճառ։ Խախտում է, ո՞վ պետք է դրա մասին խոսել», - ասաց Մարուքյանը։
Պատգամավորը նշեց՝ այս ձևով այս ամեն ինչը չի կարող շարունակվել։
«10 մարդ գերի է ընկել ձեր ստորագրած հայտարարությունից հետո, ո՞ւր է խաղաղությունը, ովքեր են դա պահպանում», -ասաց Մարուքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։