17/11/2020 17:11
Դավիթ Տոնոյանը պետք է հրաժարական ներկայացրած լիներ. իր և պատասխանատու անձանց անպատիժ մնալը սպառնալիք է ՀՀ անվտանգության համար. Անդրանիկ Քոչարյան
Կատարվածից հետո առնվազն սպասելի էր, որ պաշտպանության նախարարը և զինված ուժերի այն պատասխանատուները, որոնք աններելի բացթողումներ են ունեցել, պետք է արդեն հրաժարական տված լինեին, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Նրանց կողմից անմիջապես հրաժարական չտալը խոսում է այն մասին, որ նրանք բացարձակ չեն գիտակցում, թե ինչ են արել և ուր է տանելու մեզ այս ձախողումը։ Այս անձանց անպատիժ մնալու դեպքում բանակում ոչ միայն շարունակվելու են նման երևույթները, այլև լրջագույն սպառնալիք են դառնալու ՀՀ անվտանգության համար», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Անդրադառնալով նախօրեի ՊՆ տարածած հաղորդագրությանը՝ Քոչարյանն ասաց.
«Նախարարությունը հատկապես այս օրերին պետք է հանդես գար մեր հաղթանակի, վատագույն դեպքում՝ մեր պարտության վերաբերյալ հստակ, խելամիտ հիմնավորումներով և ոչ ստահոդ ու պոպուլիստական գրառումներով», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։