17/11/2020 13:39
Լավրով. Ռուսաստանը շահագրգռված է Ղարաբաղում ԿԽՄԿ-ի հետ փոխգործակցության ամրապնդմամբ
Ռուսաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետագա համագործակցության ամրապնդմամբ, որտեղ այս կազմակերպությունը երկար ժամանակ ակտիվ աշխատում էր: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԿԽՄԿ նախագահ Պիտեր Մաուրերի հետ հանդիպմանը:
«Հիմա մենք փոխգործակցության համար լրացուցիչ դաշտ ենք ստացել, նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղը: Մեկ շաբաթ առաջ եռակողմ համատեղ հայտարարությունը ստորագրել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության նախագահները, ասել է Լավրովը: - Այնտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորակազմ, և մենք գիտենք, թե որքան ակտիվ և երկար ժամանակ է աշխատում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս տարածաշրջանում: Մենք շահագրգռված ենք ամրապնդելու մեր համագործակցությունը, որն արդեն ակտիվորեն զարգանում է»:
Ռուսաստանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանը և ԿԽՄԿ-ն ունեն բազմաթիվ շրջաններ, որտեղ ավանդաբար տեղի է ունենում սերտ համագործակցություն:
«Մեր շփումները կանոնավոր են, և միասին աշխատելու բան կա, որովհետև, ցավոք, աշխարհում մարդասիրական ճգնաժամերի և բախումների թիվը չի նվազում», - հավելել է նախարարը: