17/11/2020 17:06
ԱԺ խորհրդի նիստը չի կայացել՝ իմքայլականների բացակայության պատճառով
Քվորումի բացակայության պատճառով ԱԺ խորհրդի նիստը չի կայացել։ Դրա ժամանակ պետք է քննարկվեր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացրած՝ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ հարցը, խորհրդարանում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:
Արտահերթ նիստում էլ նախատեսվում էր քննարկվել ռազմական դրության վերաբերյալ հարցը: Տոնոյանը հայտնեց, որ նիստը չկայացավ «Իմ քայլի» ներկայացուցիչների բացակայության պատճառով:
«Դուք վերջին հնարավորությունն ունեք՝ Ժամը 18-ին գնալ խորհրդի նիստին և հաստատել արտահերթի օրակարգը», - դիմելով իմքայլականներին՝ ասաց պատգամավորը:
Իվետա Տոնոյանը նկատեց, որ այլապես ստիպված են լինելու մտածել, որ գործող իշխանությունը ռազմական դրության արհեստական երկարացմամբ ցուցադրում է իր վախն ու սարսափը համաժողովրդական ցասման ալիքից: