18/11/2020 10:06
Եկել է ժամանակը խոսելու. 2021-ի հունիսին հանդես կգամ ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ. Նիկոլ Փաշինյան
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բազմիցս խոսել ենք սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի, նրանում մեր ունեցած անհաջողությունների, դրանից հետո ստեղծված վիճակի և այդ վիճակի մանրամասների մասին, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եկել է ժամանակը խոսելու ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիների, մեթոդների և ծրագրերի մասին: Ասել եմ արդեն, որ ինձ եմ համարում ստեղծված վիճակի թիվ 1 պատասխանատուն:
Իրավիճակը հաղթահարելու և երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն նույնպես ես եմ: Ընդգծում եմ, որ ոչ միայն մտադիր չեմ հրաժարվել այդ պատասխանատվությունից, այլև ամբողջությամբ լծված եմ այդ գործին:
Առաջիկայում մեր ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզը հետևյալն է.
1.Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ:
2. Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների և ենթակառուցվածքների վերականգնում:
3. Զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:
4. Պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի և հանրային կառույցների և ենթակառուցվածքների վերականգնում:
5. Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի և մասնագիտական վերապատրաստման ապահովում:
6. Գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:
7. Պատերազմին մասնակցած անձանց և ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձևավորում:
8. Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ:
9. Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում և դրա հետևանքների վերացում:
10. Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում:
11. Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում:
12. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում:
13. Մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարման մեկնարկ:
14. Հայաստանյան քաղաքական և քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում:
15. Սփյուռքի հայկական կառույցների և առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում:
Հայաստանյան և սփյուռքի առանձին անհատների և կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ:
Այս ամենի կարևորագույն նպատակը Հայաստանի ժողովրդավարական կայունության ապահովումն է և երաշխիքների ստեղծումը, որ Հայաստանում իշխանության ձևավորմանը ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով որևէ բան չի սպառնում:
Այս ճանապարհային քարտեզի իրագործման համար կառավարության կազմում փոփոխություններ եմ իրականացնում։
Փոփոխությունների իմաստը և նպատակը կլինի վերը նշված ծրագրի առավել արդյունավետ իրականացումը և կառավարության կազմի առավելագույն հարմարեցումը հենց նշված ճանապարհային քարտեզի իրագործմանը:
Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ.
Այս միջոցառումների իրագործումը անշրջելի ինստիտուցիոնալ ռելսերի վրա դնելը կտևի վեց ամիս: 2021 թվականի հունիսին հանդես կգամ ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքը ու արձագանքը հաշվի առնելով որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ:
Ուզում եմ նաև առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ պետական կառավարական համակարգի աշխատակիցներին, ինչպես նաև ՀՀ ԱԺ «Իմ Քայը» խմբակցությանը այս դժվարին ժամանակահատվածում ցուցաբերած աշխատանքի և համախմբվածության համար։ Մենք շատ աշխատանք ունենք կատարելու և պարտավոր ենք հաջողել։ Ի գործ», - գրել է վարչապետը։