18/11/2020 17:50
ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները սադրում են Հայաստանին և Ադրբեջանին՝ խախտելու Ղարաբաղում հրադադարի պայմանագիրը. Նարիշկին
ԱՄՆ-ը և նրա եվրոպական դաշնակիցները սադրում են հայ և ադրբեջանցի ազգայնականներին խափանել հրադադարի պայմանագիրը Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը:
«ՆԱՏՕ-ի առաջատար երկրները փորձում են թաքցնել իրենց գրգռվածությունը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված համաձայնության շուրջ: ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները զայրացած են, որ պատերազմը դադարեցվել է Մոսկվայի միջնորդությամբ: Ի վերջո, սա, ըստ էության, «զրոյացրեց» նրանց երկար տարիների աշխատանքը՝ Ռուսաստանն Անդրկովկասից դուրս մղելու համար», - ասվում է Նարիշկինի հայտարարության մեջ, որը տարածել է ԱՀԾ մամուլի ծառայությունը:
«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, արևմտյան որոշ երկրներ մատչելի ուղիներով հայ և ադրբեջանցի ազգայնականներին դրդում են վարկաբեկել և խախտել հրադադարի մասին համաձայնագիրը: Նրանք փորձում են համոզել հայերին, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը պարտություն է Երևանի համար: Նետվում է «պատերազմը մինչև վերջ մղելու» անհրաժեշտության գաղափարը: Ադրբեջանցիներին էլ հակառակը՝ ասում են, որ Կրեմլը «գողացավ իրենց հաղթանակը», երբ ադրբեջանական բանակը Ստեփանակերտը վերցնելուց մեկ քայլ հեռավորության վրա էր», - ասել է Նարիշկինը:
Նա նշել, որ ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ Եվրոպան չեն ցանկանում համակերպվել տարածաշրջանում առկա ուժերի հավասարակշռության հետ:
«Նման գործողությունները ևս մեկ վկայություն են այն փաստի, որ ԱՄՆ-ը և նրա եվրոպացի ընկերները, ինչպես միշտ, իրենց խնդիրները լուծում են հասարակ մարդկանց, այս անգամ` ադրբեջանցիների և հայերի շահերի հաշվին: Ամերիկացիներն ու եվրոպացիները չեն անհանգստանում, որ իրենց սադրանքները կարող են հանգեցնել նոր արյունահեղության և տարածաշրջանը սուզել լուրջ ռազմական բախման մեջ», - ընդգծել է ԱՀԾ տնօրենը: