18/11/2020 14:04
ԼՀ խմբակցությունը երեկվանից քննարկում է ԱԺ աշխատանքներին իր մասնակցության հարցը. Գորգիսյան
Նիկոլ Փաշինյանը պատախանատվությունից փախչելու հերթական փորձն է անում, որովհետև պարտության ողջ պատասխանատվությունը կրում է ինքը: Իսկ երբ իմքայլական Անդրանիկ Քոչարյանը հեռահար պատերազմ է սկսում ՊՆ-ի հետ, դա նշանակում է, որ կառավարման համակարգում տոտալ քաոս է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
« «Իմ քայլը», որպես այդպիսին, այլևս իշխանություն չունի», - ասաց նա:
Պատգամավորը միաժամանսկ տեղեկացրեց, որ երեկվանից քննարկում են իրենց` ԱԺ աշխատանքներին մասնակցելու հարցը` հաշվի առնելով, որ իշխանությունը ականջալուր չէ ընդդիմության առաջարկած օրակարգը քննարկելուն:
Նա նշեց, որ դեռևս հստակ չէ` արդյոք ԼՀ խմբակցությունն այսօր կմասնակցի կառավարության հետ հարցուպատասխանին:
«Միանշանակ է միայն մի բան` պարտված առաջնորդով Հայաստանը չի կարող առաջ գնալ: Ես համարում եմ, որ ոչ թե միայն Դավիթ Տոնոյանը մեղքի բաժին ունի, այլ՝ ամբողջ կառավարությունը` սկսած դիվանագիտական բլոկից: Փաստորեն, մենք պատրաստ չէինք այս պատերազմին, բայց դրա պատասխանատուն առաջին հերթին վարչապետն է: Եթե մարդն արժանապատվություն ունի, պետք է պարտությունը վերցնի ու հեռանա, բայց Նիկոլ Փաշինյանը մեղադրում է բոլորին», - նշեց պատգամավորը: