18/11/2020 11:33
«Թող «դուխ» ունենան ու միանան իրենց ձայն տված քաղաքացիներին». ԱԺ-ի դիմաց ցույց անողներն ամոթանքի խոսքեր հնչեցրեցին իմքայլական պատգամավորների հասցեին
Այսօր առավոտյան մի խումբ քաղաքացիներ ԱԺ շենքի դիմաց բողոքի ցույց էին իրականացնում՝ պահանջելով անվստահություն հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հավաքվածների համոզմամբ՝ զինադադարի մասին հայտարարությունը և նոր պայմանների առաջքաշումը հնարավոր է բացառապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո:
Բողոքի ցույցի մասնակիցները միաժամանակ ընդգծում էին, որ Նիկոլ Փաշինյանը պարտված ղեկավար է և րոպե առաջ պետք է լքի պաշտոնը:
«Փաշինյանն Արցախի հարցի վերաբերյալ միշտ ասել է, որ պետք է հարցնի ժողովրդի կարծիքը, բայց նա ժողովրդի մեջքի հետևում որոշում է կայացրել, և նա պետք է հեռանա», – նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Հավաքված քաղաքացիները նաև ամոթանքի խոսքեր հնչեցրեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հասցեին`միաժամանակ հույս հայտնելով, որ վերջիններս կմիանան իրենց և կանեն իրենցից կախված հնարավոր ամեն բան` վերացնելու երկրում հաստատված ռազմական դրությունը:
«Թող իրենց ասած «դուխն» ունենան ու միանան իրենց ձայն տված քաղաքացիներին», - նշեց ակցիայի մեկ այլ մասնակից:
Նշենք, որ ցուցարարների հետ զրուցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը` խոստանալով նրանց հետ հանդիպել փակ տարածքում և քննարկել պատերազմի հետ կապված բոլոր հարցերը: