18/11/2020 21:08
Մեր քաղաքական ուժը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե դրանք լինեն. Վանեցյան
Մենք մեր ժողովրդին սևերի ու սպիտակներին չենք բաժանում, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Անդրադառնալով կառավարության շենքի մոտ ի աջակցություն վարչապետի հավաքվածներին՝ նա նշեց.
«Նրանք ֆոն են ստեղծում, թե, իբր, պաշտպանում են Փաշինյանին: Աշխարհում չկա մեկն, ում երակներով հայի արյուն հոսի և նա պաշտպանի Նիկոլ Փաշինանին, ով հանձնեց մեր հողերն ադջեցանցիներին ու թուրքերին»:
Անդրադառնալով իրենց գործողությունների «ճանապարհային քարտեզին» ընդծեց՝ այն կա, քննարկումները գրեթե ավարտվել են, առաջիկա օրերին այն կներկայացվի:
«Մեր քաղաքական ուժը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե դրանք լինեն: Իսկ թե որտե՞ղ կկանգնենք հայրենիքի փրկության ջատագովների շարքում, կորոշեն ժողովուրդը և քաղաքական ուժերը: Մենք ինքնանպատակ պաշտոն զբաղեցնելու խնդիր չունենք: Մեծ քաջություն պետք է ունենալ, որ, ցավոք սրտի, այս քանդված երկրի, պառակտված հասարակության պատասխանատվությունը վերցնես», - ասաց նա:
Ինչ վերաբերում է վարչապետի հնարավոր թեկնածուին, ապա, ըստ Արթուր Վանեցյանի, նա լինելու է բոլորի կողմից ընդունված:
Զարգացումներից կախված՝ մոտակա օրերին հայտարարություն կարվի:
«Հայրենիք» կուսակցության նախագահի խոսքով՝ վարչապետի հնարավոր թեկանծու կարող է առաջադրվել մի քանի մարդ, որոնց միջև էլ կլինի ընտրությունը:
«Ունենալու ենք ժամանակավոր կառավարություն, որից հետո ընտրություններ կլինեն, և ժողովուրդն էլ կորոշի՝ ով է լինելու ղեկավարը», - հայտնեց Վանեցյանն՝ ավելացնելով, որ Փաշինյանի հրաժարականի հարցը պետք է լուծվի բացառապես ՀՀ քաղաքական ուժերի կողմից: