18/11/2020 15:33
Ընդդիմադիր մի խումբ գործիչների մեղադրանք է առաջադրվել
Ընդդիմադիր մի խումբ գործիչներ հրավիրվել էին ՀՔԾ: ՀՅԴ նեկայացուցիչ Գեղամ Մանուկյանին ու «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել 225.1 հոդվածով: Մանուկյանը մեղադրանքը չի ընդունել, ցուցմունք չի տվել: Բաբայանը ևս ասաց, որ ցուցմունք չի տվել:
Արսեն Բաբայանը տեղեկացրեց, որ քաղաքական ընդդիմության լիդերներին հրավիրել են ժամը 16.00-ին՝ նպատակ ունենալով խոչընդոտելու հանրահավաքին նրանց մասնակցությունը.
«Իմ տեղեկություններով՝ կանչել են բոլոր նրանց, ովքեր առաջին օրերին ձերբակալվել են»:
«Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանն էլ հայտնեց, որ իրեն ևս մեղադրանք են առաջադրել՝ օրենքի խախտումով զանգվածային միոջցառումներ անցկացնելու համար:
Նա նկատեց, որ մի հոդվածով ձերբակալում են, մեկ այլ հոդվածով մեղադրանք առաջադրում.
«Ակնհայտ է՝ սա քաղաքական հետապնդում է, իրավական բաղադրիչ չկա: Ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն արդեն կիրառված էր»:
ՀՔԾ է հրավիրվել նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Ներս մտնելուց առաջ, նա լրագրողներին ասաց.
«Չգիտեմ՝ ինչ հիմքով են կանչել, հավանաբար, ինչի համար որ ձերբակալել էին, որքան հասկանում եմ, ուզուն են մեղարդանք առաջադրել: Ի՞նչ հոդվածով, ինչի՞ համար՝ հետաքրքիր չէ, ոչ էլ կարևոր է: Սա Փաշինյանի բեմադրած թատրոնն է»: