18/11/2020 23:23
Ադրբեջանական զինվորականները տարեց հային ենթարկում են անմարդկային վերաբերմունքի՝ էթնիկ հայ լինելու համար. ՄԻՊ (Տեսանյութ)
Այս տեսանյութում ադրբեջանական զինվորականները նվաստացնում են տարեց մարդու, էթնիկ հայի, նրան բացառիկ ցինիզմով ենթարկում են բացահայտ անմարդկային վերաբերմունքի, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
ՄԻՊ-ն ընդգծել է, որ դա անում են միայն այն բանի համար, որ մարդն էթնիկ հայ է: Թաթոյանի խոսքով՝ ատելությունն Ադրբեջանում այնքան համակարգված է ու պետական մակարդակով խրախուսվում է այնքան բարձր, որ այս զինվորականներին չի հետաքրքրում, որ մարդն անօգնական է, տարեց է և ունի մարդկային արժանապատվություն: Հակառակը՝ նրանք մարդկանց արժանացնում են այսպիսի վերաբերմունքի, տեսագրում կամ լուսանկարում ու հետո դա լայնորեն տարածում սոցիալական ցանցերով՝ սեփական հասարակությունում գովեստի ու թվացյալ «հերոսության» արժանանալու համար:
«Մեկ կարևոր փաստ. այս արարքը ոչ թե մի խումբ զինծառայողների առանձին հանցագործություն է, այլ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական լայնածավալ ու պետական բարձր մակարադակով խրախուսվող հանցավոր արարքների՝ խոշտանգումների ու վայրագությունների, դաժանությունների համակարգի անբաժան բաղադրիչ: Սա հերթական ապացույցն է, որ հաստատում է ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների ու ցեղասպանության համակարգված ադրբեջանական քաղաքականությունն Արցախում: Այսպիսի արարքները ոչ միայն կատեգորիկ արգելված են մարդկությանը հայտնի բոլոր միջազգային պահանջներով, այլ դրանք նույնիսկ մարդկային երևակայության մեջ չեն տեղավորվում»,-գրել է Արման Թաթոյանը:
Նա տեղեկացնում է, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ ներկայում ամփոփում են՝ այս ապացույցի ամրագրման, անհրաժեշտ ձևակերպումների ու միջազգային մարմիններին ներկայացնելու համար: