19/11/2020 15:16
Ձայնագրություն կա, որ պատերազմի երրորդ օրը երկրի վարչապետը հրաման է արձակել կանգնեցնել լրահամալրումը և կամավորականներին ուղարկել առաջնագիծ. Մովսես Հակոբյան
Պատերազմի երրորդ օրը երկրի վարչապետը հրաման է արձակում կանգնեցնել լրահամալրումը և կամավորականներին ուղարկել առաջնագիծ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
«Չեն կարող հերքել, որովհետև պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատու են այդ գործընթացի համար և գիտեն, որ գալու է ժամանակը և այդ գործառույթը չկատարելու համար պատասխան պետք է տան, խոսակցությունը ձայնագրել են։ Առաջին օրվանից Արցախում էի. կամավորական ջոկատները գալիս են, փայլուն տղերք են, որևէ սպառազինություն, հանդերձանք չունեն։ Զորամասերում նրանց համար նախատեսված որևէ հանդերձանք և սպառազինություն չկա։ Գալիս են երկրի նախագահի մոտ, մի ժամ խոսում են իրենց հայրենասիրության մասին, նախագահն ուղղորդում է բանակի հրամանատարի մոտ, գնում են, այդքան զբաղեցնում են հրամանատարին, թե ինչքան իրենք հայրենասեր են և ինչի համար են եկել։ Բանակի հրամանատարը պետք է մտածի՝ ինչ ճարի, որ բերի իրենց սպառազինի և ուղարկի։ Ինչ-որ մի ձև հարցը լուծում են», - ասաց Մովսես Հակոբյանը։
Ջոկատների մի մասին, նրա խոսքով, ուղարկել են ՊԲ 9-րդ պաշտպանական շրջան՝ պաշտպանություն իրականացնելու, նրանք հրաժարվել են, ասելով, թե ցանկանում են Ասկերանում կռվել։
«Մարդ, որը չունի կապի համակարգ կռվող անձնակազմի հետ, ներդաշնակված չի, ինչպե՞ս նա պետք է կռվի։ Առաջին իսկ մարտի ժամանակ մի մասը կոտորվում էր, մյուս մասը՝ խուճապահար փախչում։ Պատերազմի 5-րդ օրն արդեն Արցախում 1500 հոգի մարդ ունեինք փախած, որոնք մեկուսացվել են, որպեսզի չվերադառնան Հայաստան և խուճապ չառաջացնեն։ Այդքան մարդկանց վրա մարդ է նշանակվել՝ զորքից կտրված։ Նրանց կերակրել են զինվորների սննդով։ Սեյրան Օհանյանը, Վիտալի Բալասյանը և այլ գեներալներ դրանց հետ բացատրական աշխատանքներ են տարել, որպեսզի մի մասին հետ վերադարձնենք բանակի շարքեր», - հայտարարեց Մովսես Հակոբյանը։