19/11/2020 10:55
Եթե Հայաստանը համաձայներ՝ Շուշի վերադառնան ադրբեջանցի փախստականներ, մեզ մեղադրելու էին Շուշին հանձնելու համար, բայց Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք. Լենա Նազարյան
Կառավարությունից չունենք որևէ ազդակ, որ ռազմական դրությունը պետք է չեղարկվի, հետևապես այդ նիստին չենք մասնակցելու, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց իմքայլական պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը` պատասխանելով հարցին, թե իրենց խմբակցությունը մասնակցելո՞ւ է ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի` Փաշինյանի հրաժարականի և ռազմական դրության չեղարկման օրակարգով ԱԺ նիստ հրավիրելու նախաձեռնությանը:
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ հեկտեմբերի 19-20-ին ինքը ՀՀ վարչապետին առաջարկել է հնարավորինս ձեռնտու պայմաններով կանգնեցնել պատերազմը, Լենա Նազարյանն ասաց.
«Երբ հայկական կողմը տեսել է, որ իրավիճակը ծանր է, համաձայնել է 7 շրջանի վերադարձին, բայց Ալիևը դրան գումարել է նաև Շուշին: Դա է եղել պատմությունը: Հայկական կողմը Շուշին հանձնելն անընդունելի է համարել և որոշել է պայքարը շարունակել` մտածելով, որ կունենանք ռազմական բեկում: Դա տեղի չի ունեցել, և այդ հայտարարությունը հնարավոր է եղել ընդունել միայն Շուշիի անկման կետում:
Եթե հոկտեմբերի 19-20-ին Հայաստանը համաձայներ, որ Շուշի վերադառնան ադրբեջանցի փախստականներ, այսօր մեզ մեղադրելու էին Շուշին հանձնելու համար: Հիմա էլ են մեղադրում, բայց Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք», - ասաց ԱԺ փոխխոսնակը: