20/11/2020 16:19
Ռազմական դրություն պահպանելը նշանակում է վարչապետի համար ներքին հարցեր լուծել. Ավետիք Իշխանյան
Ռազմական դրությունն, անկախ նրանից իրավականորեն գոյություն ունի, թե ոչ, այսօր աբսուրդ է, որովհետև պատերազմում կրել ենք խայտառակ պարտություն, և ռազմական դրություն պահպանելը նշանակում է վարչապետի համար ներքին հարցեր լուծել:
Լրագրողների հետ զրույցում նմնա համոզմունք հայտնեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի մասնակիցներից իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Այսօր խոսել ռազմական դրության մասին աբսուրդ է։ Ինչ վերաբերում է հավաքներին, ապա նախ առաջինը՝ հավաքները խաղաղ են, և մարդիկ իրավունք ունեն խաղաղ, ինքնաբուխ հավաքներ իրականացնել: Ոստիկանության բռնի ուժ գործադրելն անիրավաչափ է», - ընդգծեց ակցիայի մասնակիցը:
Ավետիք Իշխանյանի խոսքով՝ սա ՀՀ ողջ պատմության ընթացքում առաջին դեպքն է, երբ երիտասարդները, ժողովուրդը դուրս են գալիս իրենց արժանապատվությունը պաշտպանելու, սակայն իրավապահ մարմիները ոտնատակ են տալիս այդ արժանապատվությունը։
«Հավաքված այս բոլոր ոստիկանական ուժերը ոչ թե իրավապահ մարմիններ են և պետությունը պահպանողներ, այլ նրանք պարտության ոստիկաններ են», - նշեց իրավապաշտպանը: