20/11/2020 19:25
ԱՀ անկախության միջազգային ճանաչումը կարևորագույն պայմաններ կստեղծի հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար. Մասիս Մայիլյան
Արցախի Հանրապետության կարգավիճակի շուրջ վերջին հրապարակային քննարկումները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների սադրիչ հայտարարությունները վերահաստատում են Արցախի անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը` որպես Թուրքիայի և նրա վեհահսկողության ներքո գտնվող միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից մեր հանրապետության դեմ զինված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակից ելքի առավել օպտիմալ և արդյունավետ ճանապարհ: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը:
Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցված կտրուկ հրաժարումը Արցախի կարգավիճակի հարցի քննարկումից վերացնում է այլ պետությունների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը խանգարող ցանկացած խոչընդոտ. անկախության, որը մեր ժողովրդի կողմից իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման արդյունքն է: Եթե նախկինում պետությունները ձեռնպահ էին մնում ճանաչել Արցախի անկախությունը` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին խանգարելու մտավախությամբ պայմանավորված, ապա Արցախի դեմ զինված ագրեսիայից, նրա տարածքի մի զգալի մասի օկուպացիայից և կարգավիճակի հարցը քննարկելու Բաքվի հրապարակային հրաժարումից հետո այդ մտավախությունները կորցրին իրենց արդիականությունը:
Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը և միջազգային իրավասուբյեկտայնության ձեռքբերումը կարևորագույն պայմաններ կստեղծեն հանրապետության տարածքային ամբողջականությունը քաղաքական և դիվանագիտական միջոցներով վերականգնելու համար: Միջազգային հանրությունն իրավունք չունի համակերպվել այն իրավիճակի հետ, որը երկու ամբողջատիրական և ցեղասպան պետությունների, ինչպես նաև միջազգային ահաբեկիչների դաշինքի զինված ագրեսիայի արդյունքն է, որոնց գործողությունները չեն տեղավորվում քաղաքակիրթ աշխարհի իրավական և բարոյական նորմերի շրջանակներում: