20/11/2020 12:31
Անձամբ ֆիզիկական անվտանգության երաշխիքներ եմ տալիս Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին. որևէ մեկը նրանց հետ հաշվեհարդար չի տեսնի. Արթուր Վանեցյան
Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերն այսօր էլ միտված են իր իշխանությունը պահպանելուն: 5 հազար տղա էլ զոհվել է՝ հանուն Փաշինյանի իշխանությունը պահպանելու, «5-րդ ալիք»-ի եթերում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը` հավելելով, որ սեփական իշխանությունը պահելու համար վարչապետն այսօր պատանդի կարգավիճակում է պահում «Իմ քայլը» խմբակցությանն ու իրավապահ մարմիններին։
«Իմքայլական պատգամավորները տարբեր եղանակներով կապ են հաստատում ինձ հետ և ասում, որ Փաշինյանը վախեցնում է, ասում է` ով իր դեմ խոսեց, դավաճան է: Օդում կախված լուրերի համաձայն` կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներին ուղղորդում է դեպի պատգամավորներ` ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքների ներքո իր շուրջ պահելու համար», - ասել է նա:
Արթուր Վանեցյանը միաժամանակ շեշտել է` կասկածից վեր է, որ առաջիկայում ունենալու ենք ծայրահեղ դժվար ժամանակահատված, միլիոնավոր խնդիրներ:
«Այս մարդն ունակ չէ, չգիտի՝ պետական կառավարումն ինչ է: Հաջորդ վարչապետին պետք է շատ խնդրել, որ նա այսօր ստանձնի այդ պաշտոնը: 17 կուսակցությունները չեն պայքարում պաշտոնի համար, նրանք ասում են՝ Նիկոլ Փաշինյան, ընդունիր մեղքդ, ներողություն խնդրիր և հեռացիր:
Ես անձամբ և իմ մյուս գործընկերները պատրաստ ենք ֆիզիկական անվտանգության երաշխիքներ տալ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին: Որևէ մեկը նրանց հետ հաշվեհարդար չի տեսնի», - ասել է Արթուր Վանեցյանը: