20/11/2020 16:07
Վարչապետի հրաժարականի պահանջով Գյումրիում փակվել են Շիրակի մարզպետարանի մուտքերն ու ելքերը. Ռուբեն Մխիթարյան (Տեսանյութ)
Շիրակի մարզպետարանի մուտքերն ու ելքերը, փողոցները փակված են, սա անհնազանդության խաղաղ ակցիա է, ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով տեղեկացրեց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
«Քեզ եմ դիմում, Փաշինյան Նիկոլ: Ես հիմա գտնվում եմ Գյումրիում, Շիրակի մարզպետարանի դիմաց, որի մուտքերն ու ելքերը ոչ թե դժբախտ ու դժգույն, ինչպես քո կյանքն ա, այլ՝ շատ «էսթետիկ» ձևով փակված են: Սա անհնազանդության խաղաղ ակցիա է, ապակուսակցական ակցիա ա: Մենք այս ակցիայով ուզում ենք քեզ հասկացնել, գերագույն գլխավոր դավաճան, որ դու անելիք չունես մեր երկրում: Որ երկուս ու կես տարի դու փոքր-փոքր քայլերով մեր երկիրը տարար կործանման: Ասֆալտեցիր բոլոր ճանապարհները, որպեսզի այդ ճանապարհներով Արցախը հանձնես թուրքին: Դու այլևս անելիք չունես: Որովհետև Հայաստան երկիրը կանգնելու է:
Ուզում ես՝ բոլոր նախարարներիդ փոխի, չեն բացվելու ճանապարհները: Դու այլևս անելիք չունես, Փաշինյան Նիկոլ, Հայաստանի Հանրապետությունում: Քո միակ անելիքն է՝ դատարանում փորձել ապացուցել քո անմեղությունը, ինչին ես շատ-շատ կասկածում եմ», - նշեց Ռուբեն Մխիթարյանը:
Պրոդյուսերը խնդրանքով դիմեց ժողովրդին՝ ով ինչպես կարող է, թող դրսևորի իր անհամաձայնությունը, իր խոսքերով՝ «ստոր պայմանագրի հետ կապված»:
«Ապացուցեք, որ դուք համաձայն չեք այդ որոշման հետ, ապացուցեք, որ պատրաստ չեք կես տարի հետո արդեն Հայաստանի ձեր տներն այրեք ու արտագաղթեք այլ երկիր: Ինքներդ որոշեք, թե ինչպես եք դա անում: Մեր խնդիրն է՝ ժամ առաջ թուրք դավաճանը հեռանա մեր երկրից: Այլ կերպ հնարավոր չի», - ընդգծեց նա։