21/11/2020 16:13
Մենք պատերազմ վերսկսելու նպատակ չունենք. պատերազմը հրահրել է Նիկոլ Փաշինյանը. Վանեցյան (Տեսանյութ)
Մեզ լուրջ խնդիրներ են սպասվում, արդյոք Նիկոլ Փաշինյանը կարողանալո՞ւ է լուծել այդ խնդիրները՝ ոչ, հանրահավաքում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Անդրադառնալով խոսակցություններին, թե պարտության առիթից օգտվելով Փաշինյանի հրաժարականն են պահանջում՝ հիշեցրեց, որ դեռ հունվարին ինքը հանդես է եկել վարչապետի հրաժարականի պահանջով, իսկ հոկտեմբերի 8-ին հանրահավաք էին հրավիրել՝ դարձյալ վարչապետի հրաժարականի պահանջով:
«Ուզում եմ ներկայացնել Փաշինյանի՝ մեզ մատուցած ստերը: Ասում է՝ եթե հասնեն իմ հրաժարականին, ստորագված հայտարարությունը չեղարկվելու է, և պատերազմը վերսկսվելու է: Մենք պատերազմ վերսկսելու նպատակ չունենք, ասում ենք ՝ պարտված առաջնորդը չի կարող ներկայացնել մեր շահերը՝ հայտարարության արդյունքում կնքվող պայմանագրում: Նա չի կարող հայանպաստ որևէ կետ բերել և որևէ նորմալ լուծում գտնել», - նկատեց Վանեցյանը:
Նա ընդգծեց, որ պատերազմը հրահրել է Նիկոլ Փաշինյանը:
«Ասում է՝ ես, որ պարտվել եմ՝ հեչ, որ էսքան մարդ է զոհվել իմ անխելքության համար՝ ոչինչ, բայց, եթե գնամ, ինձ փոխարինելու են նախկինները: Դա կեղծ օրակարգ է, նախկինի վերադարձ չի լինելու: Մենք գալիս ենք, մենք ապագան ենք՝ նոր դեմքերով, նոր մտքերով ու տեսլականով», - բարձրաձայնեց «Հայրենիք» կուսակցության նախագահը: