21/11/2020 11:23
Մեր գլխավոր խնդիրը արյունահեղություն թույլ չտալն է` խնդիր, որը մեր առջև դրել է մեր գերագույն հրամանատարը. Շոյգու (Տեսանյութ)
Մենք եկել ենք լիովին կոնկրետ, որոշակի խնդիրներով, այսօր Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Գիտեք, որ ստորագրված հայտարարությունից հետո ամենաարագ կերպով հրավիրեցինք ողջ խաղաղապահ զորակազմը, որի տեղակայումն ավարտել ենք երեկ չէ առաջին օրը: Այս օրերի ընթացքում տեղակայվել ենք գործնականում Ղարաբաղի ամբողջ տարածքում` 23 դիտակետով, վերահսկում ենք Ստեփանակերտ տանող ճանապարհը, Լաչինի միջանցքը և ապահովում ենք տեղաշարժը, այնտեղից հեռացած փախստականների վերադարձը», - ասել է Շոյգուն։
Նա նշել է, որ հետագայում սպասվում է մեծ աշխատանք` «այս անգամ, հուսով եմ, Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ»:
«Մեր կողմից, իհարկե, գլխավոր խնդիրը արյունահեղություն թույլ չտալն է` խնդիր, որը մեր առջև դրել է մեր գերագույն հրամանատարը, և մենք, անկասկած, մտադիր ենք իրականացնել այն: Բացի այդ, մտադիր ենք քննարկել մեր խաղաղապահների հետագա կյանքին և աշխատանքին վերաբերող հարցեր, թե ինչ է անհրաժեշտ դրա համար: Եվ, բնականաբար, քննարկել բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են մեր համագործակցությանը` և՛’ ռազմական, և՛ ռազմատեխնիկական ուղղությամբ: Մենք եկել ենք մեծ ծրագրով և հույս ունենք իրագործել այն: Շնորհակալ եմ»: