21/11/2020 14:01
ՌԴ-ն վերահաստատում է աջակցությունը եղբայրական հայ ժողովրդին. Վարչապետն ընդունել է ՌԴ կառավարական պատվիրակությանը (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի կառավարական պատվիրակությանը` Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ:
ՌԴ ԱԳ նախարարը հայտնել է, որ Հայաստանում են գտնվում Վլադիմիր Պուտինի որոշմամբ։
«Մենք շահագրգռված ենք, որպեսզի ինչպես Դուք նշեցիք, հարգելի Նիկոլ Վովայի, դիտարկենք մեր հարաբերությունների ողջ համալիրն այն բանից հետո, այն իրավիճակում, երբ նոյեմբերի 9-ին ձգձգվող բանակցություններից հետո ընդունվեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի երեք առաջնորդների հայտարարությունը, որը վերջ դրեց արյունահեղությանը և իրավիճակի կայունացման հնարավորություն ստեղծեց իր բոլոր համատեքստերում, այդ թվում` հումանիտար:
Գիտեք, որ մեր խաղաղապահներն ակտիվորեն զբաղվում են այդ պայմանավորվածության իրականացման ուղղությամբ, այդ թվում` հումանիտար աջակցության ցուցաբերման: Մենք այսօր կքննարկենք նաև հարցեր, որոնք կապված են հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման հետ: Այն ևս նոր կառույց է, ամբողջությամբ աշխատելու է քաղաքացիների կարիքների, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ: Կդիտարկենք նաև մեր տնտեսական փոխգործակցության ընթացիկ հարցերը, էներգետիկայի ոլորտում փոխգործակցությունը` համաձայն ծրագրի, որը մեր հայ գործընկերները պատրաստել են մեզ համար:
Նաև ընդգծեմ, որ մենք ակտիվորեն աշխատում ենք միջազգային կազմակերպությունների հետ, ՄԱԿ-ի կառույցների հետ, ինչպիսիք են` փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը: Բոլոր այս կազմակերպությունների, նրանց ղեկավարների հետ կապ ենք հաստատել, և այսօր էլ պատրաստ ենք մտքեր փոխանակել այն մասին, թե ինչպես օպտիմալ կերպով կազմակերպենք նրանց ներդրումն այն հարցերի շուրջ, որոնք անհրաժեշտ է այսօր դիտարկել և կարգավորել:
Մենք շնորհակալ ենք Երևանում ավանդական ջերմ ընդունելության համար, և վերահաստատում ենք մեր աջակցությունը եղբայրական հայ ժողովրդին: Իմ գործընկերները Ձեր թույլտվությամբ պատրաստ են ներկայացնել մեր մոտեցումները տնտեսական, էներգետիկ, հումանիտար փոխգործակցության ասպեկտներով, այդ թվում` մեր ընդհանուր ջանքերը կոնորանվիրուսի դեմ պայքարում»:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների, կորոնավիրուսի դեմ պայքարի և այլ ուղղություններով համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղին ցուցաբերվող ուղիղ հումանիտար աջակցությանը, ինչպես նաև պատերազմի հետևանքով դիերի և գերիների փոխանակման, հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերին: Ընդգծվել է դրանց հետևողականության կարևորությունը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում հրադադարի պահպանման գործում Թուրքիայի դերին` Սերգեյ Լավրովը շեշտել է, որ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը գործելու է բացառապես հեռավար կերպով: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի և դրա կայունացման շուրջ համագործակցության վերաբերյալ:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Արցախում բնականոն կյանքի վերսկսումը և արցախցիների` հայրենի բնակավայրեր վերադառնալու հանգամանքը և նշել, որ ՀՀ կառավարությունն Արցախի կառավարության հետ իրականացնելու է ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնման հետևողական ծրագրեր: