21/11/2020 13:22
Ֆրանսիայի Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել Արցախի ինքնիշխանության ճանաչման և արցախցիների պաշտպանության վերաբերյա
Ֆրանսիայի Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել Արցախի ինքնիշխանության ճանաչման և արցախցիների պաշտպանության վերաբերյալ: Որոշման տեքստում ասված է.
«2020 սեպտեմբերից ականատեսն ենք Կովկասում ղարաբաղյան հակամարտության վերսկսմանը, որում հայ ժողովորդը բախվեց ադրբեջանական բանակի հարձակմանը։ Իրավիճակը նախկին սովետական կայսրության այս տարածքում բավականին բարդ է։
ԽՍՀՄ փլուզումից սկսած Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական անկլավ Լեռնային Ղարաբաղը վերահսկելու համար հակամարտությունը հակադրում է նորանկախ Հայաստանին և Ադրբեջանին։
Հակամարտության ավարտի արդյունքում ստեղծված ստատուս քվոն երբևէ չի հանգեցրել կայուն քաղաքական լուծման, քանի որ Մինսկի խմբի անդամ երկրները, որի թվում է Ֆրանսիան, կարծես թե շատ հետաքրքրված չէին բոլոր կողմերի համար ընդունելի ելքի որոնմամբ:
Անկասկած տարածաշրջանի բոլոր պետությունները գտնվում են խոշոր աշխարհաքաղաքական առանցքների խառնարանի մեջ, ինչպիսիք են Երևանի միջոցով Մոսկվան Թեհրանին կապող առանցքը կամ Վրաստանի միջոցով Բաքվից Միջերկրական ծով ձգվող առանցքը: Քաղաքական, տնտեսական, էներգետիկ և ռազմավարական հիմնահարցերը հսկայական են և տևականորեն խոչընդոտում են ավելի քան բարդ հակամարտության հանգուցալուծմանը, մանավանդ երբ Լեռնային Ղարաբաղը 1991 թ. վերափոխվեց Արցախի Հանրապետության:
2020 նոյեմբերի 9-ին դադարեցված հակամարտությունը դեռ ամենևին էլ չի ավարտվել։ Ռուսական զորքերի տեղակայումը երբեք չի կարող քաղաքական լուծում հանդիսանալ։ Մինչդեռ, սա թույլ է տալիս Մոսկվային ամուր և կայուն ձևով հաստատվել ռազմավարական նշանակության այս տարածաշրջանում։
Այսուհետ ժամանակն է խոստովանել, որ Մինսկի խումբը մեծավմասամբ ձախողել է իրագործել իրեն վստահված առաքելությունները։ Ֆրանսիան՝ Եվրամիության անունից, պետք է կարողանա նշանակալից դեր խաղալ քաղաքական, խաղաղ և մասնավորապես հարատև լուծման որոնման հարցում՝ ելնելով Հայաստանի հետ ունեցած պատմական կապերից։ 2017 թ․-ից վեր Ադրբեջանն օգտվում է ֆրանսիական դիվանագիտության լռությունից։
Անհրաժեշտ է նաև պարտադրել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգումը Ադրբեջանին, որի վարչակարգը միջազգային հարթակում արժանանում է խիստ քննադատության։ Տարածաշրջանային գերտերություն Թուրքիան պետք է իր քաղաքական ազդեցությունն ունենա իր դաշնակից Բաքվի իշխանությունների վրա՝ խաղաղության տևական լուծումը խթանելու համար: Ֆրանսիան՝ Եվրամիության աջակցությամբ, պետք է աշխատի այս ուղղությամբ։
Ավելի քան երբևէ, այս արյունալի դեպքերից հետո, ներկայիս իրավիճակը, համաձայն Արցախի Հանրապետության ճանաչման մասին թիվ 3436 բանաձևի, որը գրանցվել է Ազգային ժողովում 2020 թվ․-ի հոկտեմբերի 16-ին, «պահանջում է, որ Արցախի բնակչության հիմնարար իրավունքները ճանաչվեն և պաշտպանվեն Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչմամբ. կյանքի, անվտանգության, առողջության, կրթության, մշակութային, տնտեսական և սոցիալական զարգացման, քաղաքական կազմակերպության ազատ ընտրության և, իհարկե, ինքնորոշման իրավունքի ճանաչում»։
Ֆրանսիան, Եվրամիության բոլոր երկրների հետ միասին, պետք է նաև պահանջի հարգել ՄԱԿ-ի բոլոր բանաձևերը և միջազգային զորք տեղակայել ռուսական բանակի փոխարեն՝ ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերմամբ բռնությամբ նվաճված տարածքներից: Բացի այդ, Ֆրանսիան և միջազգային հանրությունը պետք է պարտադրեն մարդասիրական միջանցքներ, որոնք նախատեսված են խաղաղ բնակչությանը առաջին անհրաժեշտության և ոչ ռազմական ապրանքներով ապահովելու համար:
Ֆրանսիայի և Հայաստանի միջև եղած դարավոր բարեկամությունը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, խտրականության բոլոր ձևերի դեմ պայքարի և հիմնարար ազատությունների պաշտպանության ֆրանսիական համընդհանուր և հումանիստական ավանդույթը պահանջում են, որպեսզի Ֆրանսիան բացի Ազգերի ուղին և ճանաչի անհապաղ Արցախի Հանրապետությունը՝ այս ճանաչումը դարձնելով Արցախի բնակչության առաջին պատվարը։ Միջազգային ճանաչումը հնարավորություն կտա երաշխավորել Արցախի սահմանների ամբողջականությունը և արդյունավետորեն պաշտպանել երկրի բնակչությանը, որն իրավունք ունի, ինչպես Ադրբեջանի բնակչությունը, ապրել խաղաղ և որոնել զարգացման լավագույն ուղին:
Հիշեցնենք, որ տեղական մակարդակում Սենտ Էտիենը 2018-ի հոկտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի նախկին մայրաքաղաք Շուշիի հետ ստորագրել էր բարեկամության հռչակագիր Արցախ կատարած այցի շրջանակներում: Ֆրանսիայի կառավարության կողմից Լիոնի վարչական դատարանի ներկայացրած՝ հռչակագիրը չեղարկելու հայցը որևէ կերպ չի ազդում Սենտ Էտիեն քաղաքի վճռականության վրա` միտված նպաստելու ժողովուրդների միջև բարեկամությանը:
Այսօր Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդը, հանուն հայ ժողովրդի հետ ունեցած բարեկամության և գիտակցելով նրանց տառապանքները՝
Դիմում է, որպեսզի ճանաչվեն սույն կոչում նշված իրավունքներն ու գործողությունները,
Կոչ է անում Կառավարությանը վճռականորեն գործել, օգտագործելով բոլոր դիվանագիտական ուղիները, փուլ առ փուլ բանակցությունների միջոցով կայուն և խաղաղ լուծում գտնելու համար` երաշխավորելով խաղաղ բնակչության անվտանգությունը և այդպիսով մերժելով ռազմական լուծման ցանկացած ձև,
Կոչ է անում կառավարությանը անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետությունը և նրա իշխանությունների հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ,
Որոշում է ընդունում 30 000 եվրոյի օժանդակություն տրամադրել Ֆրանսիայի հայկական հիմնադրամին՝ ուղղված խաղաղ բնակչության կարիքներին»։