21/11/2020 16:47
Երբ օդանավերը սկսեն թռնել, ազգի 50 տոկոսն արտագաղթելու է. Արթուր Վանեցյան
Մենք տեսնում ենք, որ ինչ ասել եմ հրաժարականիցս հետո, ցավոք, իրողություն է դառնում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Կորցրեցինք Արցախի 70 տոկոսը, շուրջ 5 հազար զոհ ունեցանք, կովիդի հետևանքով ունեցանք 1500-ի չափ զոհեր, ունեցանք փլուզված տնտեսություն: Դուք տեսե՞լ եք երեկ դոլարի կուրսն ինչքա՞ն է դարձել՝ 508 դրամ: Տնտեսությունը քանդվում է, երկիրը քանդվում է, էլ տեղ չունենք, որ օդանավերը սկսկեցին թռնել, ազգի 50 տոկոսն արտագաղթելու է», - ասաց Արթուր Վանեցյանը:
Քաղաքական գործչի խոսքով՝ այսօր մեր խնդիրը մեր հայրենիքի փրկությունն է՝ հանուն մեր իսկ ապագայի, և օրուգիշեր պետք է անել ամեն ինչ՝ հաղթահերելու ստեղծված իրավիճակը:
«Դուք տեսա՞ք՝ երեկ ինչ եղավ Հանրապետության հրապարակում: ՀՀ դրոշը ծածանելու համար երիտասարդ աղջիկներին ու տղաներին ծեծելով, ջարդուփշուր անելով՝ բերման ենթարկեցին, ընդհանուր առմամբ՝ 85 մարդ: Նա փորձում է բիրտ ուժ կիրառել, վախեցնել մարդկանց, որ փողոց դուրս չգան, բայց չի կարող», - ասաց Վանեցյանը: