21/11/2020 11:26
Հիմա ավելի բարդ ժամանակներ են, և հուսով ենք, որ կկարողանանք խորացնել մեր համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ. Փաշինյանը՝ Շոյգուին (Տեսանյութ)
Պատերազմի ընթացքում մենք մշտապես զգացել ենք Ռուսաստանի Դաշնության, ՌԴ նախագահի, վարչապետի աջակցությունը, Ձեր անձնական աջակցությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ դրա համար: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ։
«Իհարկե, պատերազմից առաջ էլ դժվարին ժամանակաշրջան էր, բայց հիմա ավելի բարդ ժամանակներ են, և մենք հուսով ենք, որ այս ընթացքում կկարողանանք խորացնել մեր համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, այդ թվում` անվտանգության ոլորտում, և ոչ միայն անվտանգության, այլև ռազմատեխնիկական համագործակցության», - ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ տարածաշրջանում այլ ռազմաքաղաքական իրավիճակ է:
«Այն փոխվել է, և դեռ պետք է ուսումնասիրել այդ իրավիճակի բոլոր պարամետրերը: Եվ, իհարկե, վստահ եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական համագործակցության և եղբայրական բարեկամության ոգով առաջիկայում և ռազմավարական ապագայում մեր կապերը կշարունակեն խորանալ, մեր փոխգործակցությունը կլինի ավելի սերտ և ավելի ռազմավարական: Շնորհակալ եմ», հայտարարել է ՀՀ վարչապետը։