23/11/2020 10:05
Տեղի է ունենալու Հայաստանի անկումը` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և «քչից շատից» ինքնուրույն խաղացող պետություն. միջազգայնագետ
Հիմնավորապես իշխանության սխալականության արդյունքում մենք առաջիկայում բախվելու ենք ծանր իրողությունների հետ, «Facebook»-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ թվարկելով դրանք:
Այսպես, ըստ նրա՝ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունը դառնալու է բացառապես անվտանգության գործոնը և ամեն ինչ պտտվելու և կառուցվելու է դրա շուրջ:
Տեղի է ունենալու Հայաստանի անկումը` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և «քչից շատից» ինքնուրույն խաղացող պետություն:
Մենք այլևս չենք կարող դիրքավորվել, որպես տարածաշրջանի ամենամարտունակ բանակ ունեցող պետություն, որը ոչ թե մեկ այլ երկու հայկական պետությունների անվտանգությունն է ապահովում:
Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, ինչը տարածաշրջանում անվտանգային բարդ բալանսի փոփոխություն է ենթադրում:
Հայաստանն այլևս ինքն իր անվտանգության երաշխավորն էլ չէ:
Հայաստանն այլևս չի դիտարկվելու` որպես իրենից հզորի հետ պատերազմած և հաղթած պետություն:
Մենք այլևս չենք ունենալու դիվերսիֆիկացված, հավասարակշռված կամ կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն:
Մեր արտաքին քաղաքականությունը լինելու է «հարմարվողականությունը»: Հարմարվելու ենք ձևավորված աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների հետ:
«Կա՞ արդյոք այս արհավիրքի հետևանքները մեղմելու հնարավորություն: Կարծում եմ՝ դեռ շանս կա: Սակայն գործող իշխանությունների հեռացումը մինչև վերջին «բաժնի պետ», այդ շանսի նախապայմանն է», - նշել է միջազգայնագետը: