23/11/2020 14:20
Պուտինը բարձր է գնահատել Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահների աշխատանքը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների արդյունավետ և համակարգված աշխատանքը:
«Օգտվելով առիթից՝ կցանկանայի նշել ռուս խաղաղապահների հստակ, լավ համակարգված աշխատանքը», - ասել է Պուտինը ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը վերաբերյալ հանդիպման ժամանակ:
Ըստ նրա՝ արագ ականազերծումը հնարավորություն է տվել տարածաշրջանում հաստատել հուսալի հաղորդակցություն, իսկ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը` դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից:
«Այժմ առաջնահերթությունը ռազմական գործողություններից լրջորեն տուժած այս տարածաշրջանի բնակիչներին աջակցելն է, օգնելը», - ասել է Պուտինը:
Նա նշել է, որ ստեղծվում է մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն` տարածաշրջանում առկա խնդիրները լուծելու համար:
«Տեղյակ եմ, որ հաշվի առնելով կենտրոնի առջև ծառացած խնդիրները, այժմ ձևավորվում են դրա մասնագիտացված ստորաբաժանումները», - հավելել է նախագահը: