23/11/2020 11:34
«Եթե էս ծնողներին չդիմավորեցին, ուրիշ քայլերի ենք դիմելու». Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի դիմաց
Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց։
Նրանք հանդիպում են պահանջում նախարարի հետ։
«44 օր ոչ մի լուր չունեմ երեխուցս, կա մեկը, որ պատասխանատու է։ Զգուշացնում ենք, եթե էս ծնողներին չդիմավորեցին, ուրիշ քայլերի ենք դիմելու», - անցակետում ասաց նախարարի հետ հանդիպում պահանջող ծնողներից մեկը։
Անհետ կորածների հարազատներն ասացին, որ թույլ չեն տա հարցը քաղաքականացնել, պետք չի, որ որևէ պատգամավոր կամ քաղաքական գործիչ միջնորդի, որպեսզի Պաշտպանության նախարարն ընդունի իրենց։
Շուրջ 3 ժամ է՝ ծնողները նախարարության անցակետում են, նրանց դեռևս որևէ մեկը չի ընդունել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ անհետ կորածների ծնողները դարձյալ հավաքվել էին ՊՆ-ի դիմաց։
Անհետ կորած զինծառայողների ընտանիքները նոյեմբերի 21-ին հավաքվել էին Էջմիածնի զորամասի մոտ, որտեղ ծառայել են իրենց երեխաները: