23/11/2020 16:55
Երեկ Մատաղիսից, Մարտունիից և դեպի աջ գնացող կետերից մարմիններ ենք հանել. Վիտալի Ոսկանյան
Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ՊՆ դիմաց հավաքված անհետ կորած զինծառայողների ծնողներին տեղեկացրեց, որ վարչապետի հանձնարարությամբ միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի։
Այս հայտարարությունն առաջացրեց ծնողների զայրույթը։
«Այդ հանձնաժողովը նո՞ր եք ուզում ստեղծել։ Հոկտեմբերի 5-ից մեր երեխաներից տեղեկություն չունենք, դուք նոր եք հանձնաժողով ստեղծում։ Երբ Սասուն Միքայելյանը վիրավորվեց, բոլորն իմացան, մեր երեխեքը 50 օր կորել են, դուք մեզ տվյալներ չեք տալիս, դա ճի՞շտ է», - ասաց ծնողներից մեկը։
Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանն ասաց, որ երեկ Մատաղիսից, Մարտունիից և դեպի աջ գնացող կետերից մարմիններ են հանել։
«Նոյեմբերի 12-ից սկսած հանձնաժողովը տվյալներ է տրամադրում Կարմիր խաչին, ՌԴ-ին, մերոնք առաջնագծում են։ Ողջ երեխաներ ունենք, որոնց կարողացել ենք տարբեր հատվածներից գտնել, ծնողները տեղյակ են, այս պահի դրությամբ մարմիններ ենք հանում։ Այսինքն՝ այն հանձնաժողովը, որն աշխատում է, շարունակելու է աշխատել։ Վարչապետի որոշմամբ ձևավորվելու է ավելի ընդլայնված հանձնաժողով, որն ավելացնելու է մեր ներուժը։ Գործընթացը 24 ժամ շարունակվում է», - ասաց Ոսկանյանը։