23/11/2020 13:18
«Նիկոլ Փաշինյանը օր առաջ պետք է հեռանա». Գեղամ Մանուկյանը միանում է կառավարության դիմաց հացադուլ հայտարարած իր ընկերոջը (Տեսանյութ)
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ է հայտարարում։
«Քաղաքական պայքարի բազում փորձեր եղան, որին մասնակից էի նաև ես, այն պահանջները, որ ներկայացվում էր, հստակ են. վարչապետը, որը ստորագրել է գաղտագողի, միայնակ, առանց խորհրդակցելու որևէ մեկի հետ կապիտուլյացիա, փլուզել է մեր արտաքին դիվանագիտական հարաբերությունները, ով 2,5 տարվա ընթացքում պոռոտախոսությամբ կազմալուծել է ՀՀ կառավարման ողջ համակարգը», - լրագրողներին ասաց նա։
Մանուկյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը օր առաջ պետք է գնա։
«Նա շարունակում է կառչած մնալ իր աթոռից, նա շարունակում է ամեն ինչ անել՝ միայն պաշտպանի վարչապետական աթոռը, նա պատրաստ է զոհաբերել բոլորին, միայն թե շարունակի մնալ կառավարության շենքում», - ասաց Մանուկյանը։
ՀՅԴ անդամն ընդգծեց՝ ինքը միանում է իր ընկեր Գարիկ Ավետիսյանին, ով կառավարության մոտ հացադուլ է հայտարարել։