24/11/2020 11:11
«Համոզված եմ՝ Փաշինյանը, քրեական պատասխանատվության ենթարկվելով, հրաժարական կտա. մեկուսարանն իր համար բավական ապահով վայր է». Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել
2003-ից 2018-ը Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել։
«Պահանջում եմ քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին՝ երկրի սահմանադրական կարգը տապալելու համար», - Aysor.am-ին ասաց Կիմ Բալայանը՝ նշելով, որ այսօրվանից հացադուլով միացել է ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին։
Բալայանի խոսքով՝ ինքն իր ամբողջ կյանքում առաջնորդվել է զուտ օրինապահությամբ։
«Եվ իրավական ուղին է ճիշտ ուղին հարցին լուծում տալու համար։ Սա ամենաօրինական և իրավաչափ պահանջն է, որ ես ներկայացնում եմ», - ասաց Կիմ Բալայանը։
Հարցին, թե անժամկե՞տ է հացադուլը, Բալայանը պատասխանեց.
«Ո՛չ, մինչև իր հրաժարականը՝ քրեական պատասխանատվության ենթարկելով։ Համոզված եմ, որ դա տեղի կունենա, որովհետև իր համար բավական ապահով վայր է քննչական մեկուսարանը»։
Դիտարկմանը, թե ազատությունն ավելի ապահով չէ՞, Կիմ Բալայանը պատասխանեց.
«Այնտեղ ավելի ապահով է»։