24/11/2020 14:25
«Հայաստանում բոլոր մարմիններն իրենց սպառել են, դիմում ենք Վլադիմիր Վլադիմիրովիչին». ԱՆհետ կորած զինծառայողների ծնողները նամակ-խնդրագրով դիմում են ՌԴ իշխանությանը
Հայաստանում բոլոր մարմիններն իրենց սպառել են, դրա համար որոշեցինք դիմել ՌԴ դեսպանությանը, ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց լրագրողներին ասացին անհետ կորած զինծառայողների հարազատները։
«Բոլոր ճանապարհները փորձեցինք՝ ՊՆ, Կարմիր Խաչ, Կառավարություն։ Համոզված եմ՝ բոլոր ծնողներին չի բավարարում քայլերը, որ կատարվում են, մենք չենք տեսնում արդյունքներ։ Հայաստանում բոլոր մարմիններն իրենց սպառել են, դրա համար որոշեցինք դիմել ՌԴ դեսպանությանը», - ասաց Եղիշե Զաքունցը՝ նշելով, թե իր զարմիկն է անհետ կորած։
«Խնդրում ենք ռուսական կողմին՝ հենց Վլադիմիր Վլադիմիրովիչին, որպեսզի աջակցություն ցուցաբերի և ինչ-որ մի ձևով ազդի Ադրբեջանի կառավարության վրա, որ թողնեն խաղաղապահ զորքերը և Կարմիր Խաչը մտնեն Հադրութ և Ջաբրայիլ», - ասաց Եղիշե Զաքունցը։
Նշենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են ՌԴ դեսպանության դիմաց՝ իրենց երեխաների ճակատագրի վերաբերյալ պատասխաններ ակնկալելով ՌԴ իշխանություններից։
Ծնողները խնդրագիր-նամակ փոխանցեցին դեսպանատան ներկայացուցչին։