25/11/2020 12:41
Հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին կառավարությունից դեռ չեն արձագանքել, միայն Մանե Գևորգյանն է մոտեցել, եռացրած ջուր բերել
Կառավարության դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանը կառավարությունից դեռ որևէ արձագանք չի ստացել։
«Արձագանքը մեկը պետք է լինի՝ հրաժարականի մասին պաշտոնական հայտարարություն։ Իմ գործընկեր, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն է արձագանքել, եկել էր, տեսավ, եռացրած ջուր բերեց, շնորհակալ եմ։ Ինձ համար քաղաքացիների արձագանքն է կարևոր։ Հասկանում ես, որ քաղաքացիները օր առաջ սպասում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, որովհետև իրենք էլ են հասկանում, թե ինչ կատարվեց, ով է մեղավորը։ Ամենածանր բանն այն է նաև, որ անհետ կորած զինծառայողների հարազատներին ես տեսնում, նրանց անօգնականությունը, հասկանում ես, որ իշխանությունը երկու շաբաթից ավելի ոչինչ չի արել։ Բողոքներից, ցույցերից հետո նոր փորձում է քայլեր ձեռնարկել, որոնք ուղղակի ողբերգական են։ Ափսոսում եմ, թե ինչպես կարողացան երկուսուկես տարում պետական համակարգն այսպես փլուզել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք՝ երեկվանից Գեղամ Մանուկյանին հացադուլով միացել է նաև ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը։