25/11/2020 16:30
Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց. նա բերման էր ենթարկվել ծեծի ենթարկելու կասկածանքով
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց:
Ներկայացնելով իրեն բերման ենթարկելու պատճառն՝ Իշխանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կառավարության շենքի մոտով Նալբանդյան փողոց գնալիս, ոստիկանների մեջ կանգնած քրեական անցյալ ունեցող իր ծանոթը, որին իրենց գրասենյակում բազմիցս աջակցել են, ագրեսիվ կերպով հետաքրքրվել է Իշխանյանից, թե «ի՞նչ եղավ իր գործը»:
«Ասացի՝ Ղարաբաղը կորցրել ենք, դու դեռ քո գործով ես զբաղվում: Նա հայհոյանքներ տեղաց Ղարաբաղի ու իմ հասեցին», - ասաց Իշխանյանն՝ ավելացնելով, որ իր արձագանքից հետո ծանոթը քաշքշել է իրեն: Ոստիկանները երկուսին էլ բերման են եթարկել: Որոշման մեջ գրված է եղել՝ ծեծի ենթարկելու կասկածանքով:
«Ի՞նչ գործ ուներ քրեական անցյալով անձը ոստիկանների մեջ կանգնած: Սա սադրանք էր իմ նկատմամբ, ես զգուշացնում եմ հասարակական, քաղաքական գործիչներին, որ այդպիսի սադրանքներ էլի կլինեն», - ասաց իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ այսօր փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Իշխանյանին բերման են ենթարկել: