25/11/2020 09:46
«Հրապարակ». Թանաքը դեռ չչորացած՝ ռուս սահմանապահների հետ Մեղրի են այցելել ռուսական ՀԿԵ աշխատակիցները
«Սյունիքի սահմանի երկարությունը 60-70 կիլոմետրով փոփոխվել է, քանի որ սահմանակից Զանգելանի շրջանն անցնում է ադրբեջանական վերահսկողության տակ։ «Մեղրու մի կողմն Իրանի Իսլամական Հանրապետությունն է, մյուս կողմից Նախիջևանի հետ սահման ունենք՝ 70 կիլոմետր։ Դա մեր Մեղրու գունդն էր պահում, հիմա մի հատ էլ 70 կմ արդեն Արցախի կողմից է ավելացել», - «Հրապարակ» օրաթերթին ասել է Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։
Թերթը հիշեցնում է, որ հայ-իրանական սահմանը դեռ ռուս սահմանապահներն են պահում։ Նոյեմբերի 10-ի հայտարարությամբ, որպես 9-րդ կետ, մտավ ճանապարհների կառուցումը, որով Նախիջևանը պետք է կապվի Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։ Մինչ ոմանք մեզ փորձում էին հանգստացնել, թե «հլը ո՜ւր եք, ճանապարհների կառուցումը տարիներ կտևի», պարզվում է, այնքան էլ այդպես չէ. թանաքը դեռ չչորացած՝ ռուս սահմանապահների հետ Մեղրի են այցելել ռուսական «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները և ուսումնասիրել տեղանքը։
«Ասել են, որ սա հեռանկարային հարց է, էս պահին ոչ մի կոնկրետ բան չկա, բայց խոսքը երկաթուղու մասին է։ Նայել են, գնացել», - ասել է քաղաքապետը։