26/11/2020 17:53
Ինչու պետք է լքել Բերձորը. Վարչակազմի ղեկավարը չի կարող պատասխանել. «Այս պահին դժվար է նախագահի հետ կապվելը»
Բերձորի բնակիչներին գույքը հավաքելու և քաղաքից հեռանալու ցուցում եղել է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը։
«Ցուցումը իմ կողմից է եղել, քանի որ հարավային թևում ունենք վատ փորձ։ Մարդիկ կտարհանվեն: Երբ հստակ կլինի ամեն ինչ, հնարավորություն կլինի՝ հետ կգան», - ասաց Մուշեղ Ալավերդյանը։
Նա նշեց, թե այս պահի դրությամբ (նոյեմբերի 26) իր տիրապետած տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանցիներ չեն լինելու համայնքում։
Հարցին, թե ինչո՞ւ է վերջին պահին խոսվում Բերձորի մասին, եթե մինչ այս Ադրբեջանին հանձնելիք համայնքների մեջ Բերձորի մասին հիշատակում չի եղել, այդ մասին խոսե՞լ են արդյոք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, Ալավերդյանը պատասխանեց.
«Այս պահին դժվար է նախագահի հետ կապվելը։ Խոսել եմ իր հետ Բերձորի մասին, թե՝ ոչ, էականը դա չէ, այլ այն, որ հարավային թևում ունենք վատ փորձ, և տարհանման հետ կապված ամբողջ պատասխանատվությունը կրում եմ ես։ Եվ մարդկանց չենք պարտադրում դուրս գալ, այլ ուղղակի բնակիչներին խորհուրդ եմ տալիս, որ իրենց գույքով դուրս գան ավելի ապահով վայր՝ անվտանգության նկատառումներից ելնելով»։
Հարցին, թե ո՞ր ճանապարհով է լինելու բնակիչների վերադարձը, եթե, իհարկե, լինի, Մուշեղ Ալավերդյանը պատասխանեց.
«Նույն ճանապարհով, կարծում եմ»։
Բերձոր համայնքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանն էլ Aysor.am-ին ասաց, թե վարչակազմի ղեկավարն իրեն հրահանգել է, որ անվտանգությունից ելնելով բնակիչներին տարհանել։
«Այս պահին հստակ ոչինչ չկա, բայց երեկ խոսակցությունը եղել է այսպես, որ չի հանձնվում քաղաքը, չի հանձնվում միջանցքը, հանձնվում է միայն կառավարումը» , - ասաց Նարեկ Ալեքսանյանը։
Մինչ պատերազմը, համայնքում, նրա խոսքով, եղել է շուրջ 550 տնտեսություն, մոտ 1700 բնակիչ։