26/11/2020 17:41
Քարվաճառում երեկ դրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս, հնարավոր է, Սոթքի հանքում են. Թագուհի Թովմասյան
Մենք այսօր գտնվում ենք անորոշության և ուղիղ իմաստով՝ անտեր վիճակում, ԱԺ նիստի ժամանակ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Ինչո՞ւ է հայ քաղաքացին ադրբեջանցի զինվորականի հետ մնացել մեն-մենակ: Ո՞ւր է մեր բանակը, ուր են ի վերջո խաղաղապահներն ու պետությունը: Ինչո՞ւ է հայն ադրբեջանցուն խնդրում թույլ տալ իր տնից իր իրերը հանել», - հարց հնչեցրեց նա:
Թագուհ Թովմասյանի խոսքով՝ մարդիկ միայնակ են մնացել, տեղեկություններ կան, որ հենց այս պահին ադրբեջանցիները կարող են ներխուժել Սոթքի ոսկու հանքի տարածք:
«Քիչ առաջ խոսեցի կորպուսի հրամանատարի հետ: Այս պահին հանք ներխուժելու մասով ինֆորմացիան չհաստատվեց, բայց հաստատվեց, որ խնդիր ունենք Քարվաճառի շրջանում: Երեկ դրված դարպասներն այսօր արդեն կոտրվել են, և ադրբեջանցիներն առաջ են գալիս», - ասաց պատգամավորը:
Նմանատիպ տեղեկություններ են տարածվել նաև Facebook-ում: Մասնավորապես, օգտատեր Դավիթ Ջալալյանը գրել է, որ այսօր ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառում տեղակայված դարպասն ու ծեծի ենթարկել մեր զինվորներին։
Դրանով չբավարարվելով՝ թշնամին հասել է ոսկու հանք և մեկ ժամ ժամանակ տվել տարածքն ազատելու համար։ Թշնամին փաստացի ներխուժել է ՀՀ տարածք՝ եղբայրական խաղապահների ներկայության պայմաններում:
Օգտատեր Կարեն Հովհաննիսյանն էլ գրել է, որ «ադրբեջանական բանակը Սոթքի հանքում է․․․աշխատակիցներին մեկ ժամ ժամանակ են տվել, որ դուրս գան»։