26/11/2020 10:46
«Ազնավուր» հիմնադրամը մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան՝ իր գործընկերների աջակցությամբ
«Ազնավուր» հիմնադրամի և վերջինիս գործընկերների միջոցով Ֆրանսիայում և Շվեյցարիայում հավաքվել է ավելի քան 35 տոննա մարդասիրական օգնություն՝ Հայաստան ուղարկելու համար: Այս օգնության մի մասը կուղարկվի նոյեմբերի 27-ին՝ Ֆրանսիայի կառավարության վարձակալած ինքնաթիռով՝ որպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարած մարդասիրական աջակցության մաս:
«Հայաստանը միշտ էլ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Շառլ Ազնավուրի սրտում: Նա դարձել է Գյումրիում երկրաշարժը վերապրածների խորհրդանիշը՝ մշտապես լինելով հայ ժողովրդի կողքին՝ և՛ ամենաերջանիկ, և՛ տխուր պահերին: «Ազնավուր» հիմնադրամը շարունակում է կյանքի կոչել արտիստի մարդասիրական առաքելությունն ու տեսլականը. մենք նույնպես այս դժվարին ժամանակներում կանգնած ենք հայ ժողովրդի կողքին: Իր ընկերների և գործընկերների ջանքերի շնորհիվ Հիմնադրամը հավաքել է 35 տոննա մարդասիրական օգնություն, որը Ֆրանսիայի նախագահի և կառավարության աջակցությամբ կուղարկվի Հայաստան», նշում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը։
«Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը նույնպես կմեկնի Հայաստան՝ Հիմնադրամի թիմի հետ կանոնակարգելու օգնության բաշխման գործընթացը: Ֆրանսիայում և Շվեյցարիայում բազմաթիվ կազմակերպություններ, ինչպես նաև շուրջ հարյուր կամավորներ մասնակցել են մարդասիրական այս լայնածավալ օգնության հավաքագրմանը:
«Ազնավուր» հիմնադրամը, հավատարիմ մնալով իր հիմնադրի տեսլականին, շարունակում է Հայաստանին իր աջակցությունը: Հայաստանում և Արցախում ստեղծված հումանիտար ծանր իրադրության պայմաններում մենք մոբիլիզացրել ենք մեր բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները, որպեսզի հասցեական աջակցությամբ ապահովենք դրա կարիքն ունեցող մարդկանց ու ոլորտներին։
Պատերազմի առաջին իսկ օրվանից ապագա «Ազնավուր» կենտրոնի տարածքը ծառայում է որպես օգնության բաշխման միասնական շտաբ, որտեղից «ՎԻՎԱ. բժիշկներ և կամավորներ՝ հանուն Հայաստանի» հիմնադրամի մեր գործընկերների հետ աջակցում ենք հիվանդանոցներին ու բժիշկներին: Ոլորտին ուղղված աջակցության շրջանակներում ձեռք ենք բերել նաև շտապօգնության մեքենա՝ կահավորելով անհրաժեշտ սարքավորումներով ու պարագաներով։
Միաժամանակ համագործակցում ենք Առողջապահության, Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների և այլ գերատեսչությունների հետ Հայաստանում և Արցախում՝ փորձելով արագ արձագանքել ոլորտներում առաջացող կարիքներին:
Սերտորեն համագործակցում ենք նաև սփյուռքի կազմակերպությունների հետ՝ աջակցելով հումանիտար օգնության հավաքագրմանն արտերկրում և համակարգելով ՀՀ տեղափոխման աշխատանքները։ Մասնավորապես, ի հավելումն նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին ուղարկվելիք 35 տոննա բեռին, մենք արդեն իսկ օգնել ենք Ֆրանսիայից և այլ երկրներից Հայաստան տեղափոխել մի քանի տասնյակ տոննա դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ։
Այս ընթացքում սննդով և հիգիենայի պարագաներով ենք ապահովել Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված հարյուրավոր ընտանիքների։
Մեր աջակցությունն ենք, իհարկե, հայտնել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին` փոխանցելով մեր հանգանակությունը պատերազմի առաջին իսկ օրերին:
Պատերազմի օրերին մենք որոշում կայացրինք չհանրայնացնել մեր աշխատանքը՝ ելնելով անվտանգության նկատառումներից, ինչպես նաև կենտրոնացնելով մեր ողջ ներուժը կարիքավորներին աջակցություն տրամադրելու գործի վրա: Այնուամենայնիվ, քանի որ հաշվետվողականությունը մեր գործունեության կարևորագույն առանցքներից է, այժմ կցանկանայինք շնորհակալություն հայտնել մեր բոլոր նվիրատուներին, ընկերներին և կամավորներին՝ մեզ հետ և, այսինքն, Արցախի՛ հետ լինելու համար: Այսուհետ հանրությանը կներկայացնենք մեր նորությունները և աշխատանքային առօրյան սոցիալական ցանցերում՝ «Ազնավուր» հիմնադրամի էջի միջոցով: