26/11/2020 11:45
Կառավարությանը կոչ ենք անում իր անգործության պատճառով չշարունակել սահմանափակումները. դրանց կարիքը չկա. Գևորգ Գորգիսյան
Մենք ունենք իրավիճակ, երբ ռազմական դրության քողի տակ բոլոր սահմանափակումները շարունակվում են՝ խոսքի, հավաքների և գործադուլների ազատության սահմանափակում՝ տնտեսական լուրջ հետևանքներով, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
Նրա խոսքով՝ ռազմական դրության պայմաններում շատ մարդիկ չեն կարողանում հատել երկրի սահմանը՝ արտերկրում աշխատելու և գումարներ ուղարկելու հայրենիք:
«Հազարավոր քաղաքացիներ չեն կարողանում զբաղվել իրենց տնտեսական գործունեությամբ: Մի կողմից մենք ունենք սահմանափակումներ, որոնց կարիքը չկա, որն ավելի է խորացնում տնտեսական բարդ իրավիճակը, մյուս կողմից կառավարությանը կոչ ենք անում իր անգործության պատճառով չշարունակել սահմանափակումները, որոնց կարիքը չկա: Մենք պետք է օր առաջ կարողանանք վերացնել ռազմական դրությունը:
Կարծում եմ, որ կառավարությունն այսօրվա նիստում կարող է համապատասան որոշումներ ընդունել, որոնց համար 17 օր ժամանակ ուներ», - ասաց Գևորգ Գորգիսյանը: