26/11/2020 16:03
Ժողովրդով իշխանության եկած ղեկավարին ժողովուրդն էլ պետք է ճանապարհ դնի. Մելքումյան
Ակնհայտ է, որ դավադիր քաղաքականություն վարելով՝ Նիկոլ Փաշինյանը երկիրը հասցրել է այս վիճակին: Բաներ կային, որ մենք նրան չպետք է ներեինք: Ժողովրդով իշխանության եկած ղեկավարին ժողովուրդն էլ պետք է ճանապարհ դնի, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Կարճ ժամանակ հետո մենք պետք է իմանանք ամբողջ ճշմարտությունը: Երկուսուկես տարվա ընթացքում բոլոր ոլորտներում ձախողակ քայլեր են արվել: Հրաժարականն ԱԳ նախարարի համար ամենահեշտ քայլն էր, բայց եղբայր, ո՞ւր ես գնում: Զոհրաբ Մնացականյանը և մյուս նախարարները պետք է գան և այս ամբիոնից ասեն՝ ինչ են ուզել անել, բայց չեն թողել, որ անեն:
Պաշտպանության նախարարն էլ պետք է գա, ասի՝ ինչ էր ուզում անել, բայց իրեն չեն թողել: Այսօր Հայաստանը կանգնած է լրջագույն աղետի առջև: Հիմա մենք իրականացնում ենք այն ծրագրերը, որ ուզում էր իրականացնել դեռ Հեյդար Ալիևը», - ասաց պատգամավորը:
Միքայել Մելքումյանը շեշտեց՝ իմքայլական պատգամավորները կիսում են վարչապետի վարած քաղաքականության պատասխանատվությունը:
«Դուք հազար տոկոսով մսխել եք ժողովրդի վստահությունը: Լավ, ձեր մեջ տղամարդ չկա՞, որ վեր կենա, գա, այստեղից ասի՝ «մենք պարտվել ենք և պետք է հեռանանք»», - հարց ուղղեց պատգամավորը: