26/11/2020 13:03
Վահագն Վերմիշյանը հացադուլը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը շարունակում է հացադուլը, Aysor.am-ին ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Նրա խոսքով՝ Վերմիշյանը հացադուլ է հայտարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
«Այժմ հիմնարկի վարչակազմի կողմից նրա հետ տարվում են բացատրական աշխատանքներ», - ասաց Նավիկյանը։
Հիշեցնենք՝ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել էր փետրվարի 5-ին, փետրվարի 10-ին՝ կալանավորվել։
Նա մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու համար. Ինքը՝ Վերմիշյանը, խոստովանել է, որ կաշառք է ստացել։
Վահագն Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվեց 2019 թվականի մարտի 21-ին։
«Որոշել եմ աշխատել իմ հայրենիքի համար», - նշանակման օրը Կառավարության նիստում ասել էր Վերմիշյանը։
Փետրվարի 6-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Վերմիշյանի դեպքին՝ ընդգծելով, թե «սա մի կողմից տխուր, վիրավորական, բայց մյուս կողմից ուրախ իրադարձություն է»։