26/11/2020 13:14
ՌԴ ԱԻՆ-ը կվերահսկի Ղարաբաղում մարդասիրական օգնության բաշխումը
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը վերահսկելու է մարդասիրական օգնության բաշխումը Լեռնային Ղարաբաղում, շարունակվում է բեռների բաշխումը բնակիչների և սոցիալական հաստատությունների միջև, РИА Новости-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խումբը, որը մարդասիրական առաքելություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում, ավարտել է առաքված նյութերի բեռնաթափումը: Ներկայումս շարունակվում է բեռների բաշխումը բնակելի շենքերի և սոցիալական նշանակության օբյեկտների հասցեներին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները քաղաքապետարանների ներկայացուցիչների հետ միասին գնահատել են Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի ենթակառուցվածքներին հասցված վնասները: Այսօրվա դրությամբ վնասված շենքերի ստուգումն ավարտվել է:
«Բացի այդ, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը միջոցներ է ձեռնարկել փրկարարների ճամբարը բարելավելու և ժամանած անձնակազմի և սարքավորումների տեղակայման համար: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խումբը նոյեմբերի 16-ից է սկսել անհրաժեշտ օգնություն ցուցաբերել խաղաղ բնակչությանը», - ասված է հաղորդագրության մեջ: