26/11/2020 11:58
Էդմոն Մարուքյանն ԱԺ ղեկավարությունից խնդրում է ապահովել ռազմական դրության չեղարկման պնդում կատարած գեներալի ներկայությունը
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին խնդրեց ապահովել Պաշտպանության հարցերի հանձնաժողովում երեկ հարակից զեկույցով հանդես եկած ԳՇ ներկայացուցիչ գեներալի ներկայությունը, որը պնդում էր, որ ռազմական դրությունը այժմ կարող է հանվել:
«Քանի որ նա շփոթ առաջացրեց իշխանության ներսում, նրան այսօր փոխարինել է ՊՆ գլխավոր քարտուղարը», - տեսակետ հայտնեց Մարուքյանը:
Բացի իր խնդրանքից՝ Մարուքյանը շեշտեց, որ ՊՆ ներկայացուցիչն իր ելույթից առաջ պետք է ներկայացնի՝ երբ են ՀՀ քաղաքացի ռազմագերիները փոխանակվելու, երբ են փոխանակվելու քաղաքացիական անձինք, ինչ է կատարվում նրանց հետ, հայտարարի զոհերի՝ այդ թվում՝ քաղաքացիական անձանց շարքերում զոհերի անունները, որնց տվյալները, սակայն, այդպես էլ չեն հրապարակվել:
Լենա Նազարյանն իր հերթին հակադարձեց, որ ԼՀ խմբակցությունն արդեն իսկ կողմ է քվեարկել ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանի արտահերթ ելույթի որոշմանը, և ինքն ԱԺ ընթացակարգով այլ անձի ձայնի իրավունք չի կարող տալ: