26/11/2020 10:52
Պետք չէ հույսը դնել այն հանգամանքի վրա, որ ժողովուրդը սգում է, ու հարյուր հազարավորները դեռ փողոց դուրս չեն եկել. ակցիայի մասնակից
Պատգամավորներն առաջին քայլը, որ պետք է անեն, ԱԺ նիստին ներկայանալն ու ռազմական դրությունը չեղարկելն է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ-ի մոտ ակցիայի մասնակիցը:
«Դա պետք է անեն, որ մենք հնարավորություն ունենանք սահմանադրական ճանապարհով տուն ճանապարհելու Նիկոլ Փաշինյանին, ու հանրությունը հնարավորինս շուտ ընտրի երկրի հաջորդ լեգիտիմ իշխանությանը», - նշեց նա:
Անդրադառնալով պնդումներին, որ հայ ազգը սատարում է վարչապետին՝ ակցիայի մասնակիցն ասաց՝ պետք չէ հույսը դնել այն հանգամանքի վրա, որ ժողովուրդը դեռ սգում է, դեռևս սոցիալական ծանր պայմաններում է, և որ հարյուր հազարավորները դեռ փողոց դուրս չեն եկել:
«Չպետք է դանակը հասցնել ոսկորին, որ արդեն... Այդ հարյուր հազարավորները, եթե դուրս գան, զայրույթից առաջինն իրենք պետք է վախենան: Իրենց սատարողներ չեն մնացել, բացի իրենց նեղ շրջանակից», - ասաց նա:
Մանակիցները վանկարում են՝ «ամոթ», «չեղարկում»:
Հիշեցնենք, որ այս պահին ԱԺ ծառայողական մուտքի մոտ ակցիա է իրականացվում: Մասնակիցները եկել են իշխող ուժի ներկայացուցիչներին ևս մեկ անգամ ասելու, որ նրանք հողատուներ են և որ պետք է օր առաջ անցնցում հեռանան: