26/11/2020 15:02
Բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ ենթադրաբար կատարել են ՀՀ քրեական օրենսգրքով արգելված մի շարք հանցանքներ. Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության իրավական հանձնախումբը նախապատրաստել է «Մի խումբ բարձրաստիճան անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու մասին» հաղորդում, որը ներկայացվելու է ՀՀ գլխավոր դատախազին:
Ասուլիսի ժամանակ «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը ներկայացրեց հիմնավորումները՝ ընդգծեց նաև.
«2020թ. նոյեմբերի 17-ին ՀՀ ԶՈւ ԳՊ պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ պաշտոնին նշանակվելուց ընդամենը 4 օր անց վարչապետին, իսկ դրանից մի քանի օր անց Ազգային անվտանգության խորհրդին ներկայացրել է ռեգիոնում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և ՀՀ ԶՈՒ կարողությունները: Նշել է, որ ՀՀ արտաքին անվտանգության վտանգ է սպառնում ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի կողմից, և հայտնել, որ ՀՀ ԶՈՒ կարողությունները չեն կարող դիմակայել այդ հարձակմանը: Խնդրել է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանխելու կամ հետաձգելու համար»:
Նա նկատեց, որ քրեական վարույթ իրականացնող մարմինը պետք է պարզի իր ներկայացրած խնդիրների վերաբերյալ հանգամանքները:
«Գտնում եմ, որ ՀՀ որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ենթադրաբար կատարել են ՀՀ քրեական օրենսգրքով արգելված մի շարք հանցանքներ, այդ թվում՝ պետական դավաճանություն և պետական գաղտնիքի հրապարակում», - ասաց Ղազինյանը: