26/11/2020 13:43
Դրամի արժեզրկման հիմքում ոչ թե տնտեսական, այլ հոգեբանական, վարքագծի հետ կապված փոփոխություններն են. պատգամավոր
Վերջին օրերին դրամի արժեզրկման հիմքում ոչ թե տնտեսական, այլ հոգեբանական, մարդկանց սպասումների ու վարքագծի հետ կապված փոփոխություններն են, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Մեզ մոտ փոխարժեքի վրա մի քանի գործոն է ազդում՝ տնտեսական առումով, ասենք՝ ներմուծում, արտահանում, դոլարի հոսքի նվազում, այլ երկրներից եկող դրամական փոխանցումներ: Դրանք էականորեն չեն փոխվել: Արտաքին առևտրի հաշվեկշիռը բարելավվել է: Միակ խնդիրը հասարակական տրամադրություններն են», - նշեց Թունյանը:
Նա մեկնաբանեց՝ անորոշությունը անվստահություն է ծնում նաև սեփական արժույթի նկատմամբ, ու նման պայմաններում մարդիկ փորձում են իրենց ձեռքի տակ եղած դրամը վերածել դոլարի:
«Երբ այդ գործընթացը շարունակվում է, ստեղծվում է արտարժույթի արհեստական դեֆիցիտ», - ասաց նա: